ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լիմայում Խաղաղօվկիանոսյան սամմիթում միմյանց ձեռք են սեղմել ու մի քանի բառ փոխանակել: Սպիտակ տունը հաղորդել է, որ Օբաման Պուտինին հորդորել է կատարել ՈՒկրաինայի հարցով պարտավորությունները և հնարավորինս կրճատել բռնությունների մասշտաբները Սիրիայում: «Սիրիայի հարցով նախագահը նշել է, որ պետքարտուղար Քերին ու ԱԳ նախարար Լավրովը պետք է շարունակեն նախաձեռնությունների առաջադրումը միջազգային հանրության հետ, որպեսզի նվազեցվի բռնությունների մակարդակը և թեթևանա Սիրիայի ժողովրդի տառապանքը»՝ հաղորդել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
«Նախագահը ՌԴ նախագահ Պուտինին կոչ է արել պահպանել Մինսկի համաձայնությունները՝ ընդգծելով ԱՄՆ-ի և մեր գործընկերների հակվածությունը ՈՒկրաինայի ինքնիշխանությանը»՝ հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է. «Աշխատանքային քննարկման սկզբում ողջունել են իրար ու շատ կարճ զրուցել»: Պեսկովը նախօրեին հայտարարել էր. «Երկու նախագահների աշխատակազմերը զրույցի մասին չեն պայմանավորվել, բայց կարելի է ենթադրել, որ սամմիթի շրջանակներում նախագահ Պուտինը և նախագահ Օբաման հնարավորություն կունենան առավել կենսական հարցերի շուրջ զրուցել»:
Հ.Գ. Իբրև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այլևս չի հանդիպի ՌԴ նախագահին, իսկ ամեն ինչ այնքան խոստումնալից էր սկսվել՝ հարաբերությունների ռեստարտ, համաձայնագրեր ու… պատժամիջոցներ: ՈՒկրաինայի իրադարձություններից հետո նրանք միմյանց հետ շփվել են մեկ էլ Սիրիայի հարցով: Անցած շաբաթ Բարաք Օբաման հայտարարեց, որ զգուշացրել է Պուտինին՝ դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստը ջարդելու պես կիբեռհարձակումները, որի մեջ մեղադրվում էին ռուսական հատուկ ծառայությունները, հետևանքներ կունենան ՌԴ իշխանությունների համար: «Հետևանքներից» մեկն էլ Սուրկովի փոստը կոտրելն էր, թերևս: Օրերս Բեռլինում Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը անհրաժեշտության դեպքում կկարողանա դիմակայել Ռուսաստանին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ